Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դեսպանի գործունեությունը

28.09.2010, 16:57
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դեսպանի գործունեությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հանդիպման ժամանակ բարձր է գնահատել նրա ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման հարցում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:  

«Հանդիպման ժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ժամանակ կատարված աշխատանքի համար և բարձր  գնահատել նրա ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նա ընդգծել է, որ  դիվանագետն իր գործունեության ընթացքում մեծ նպաստ է ունեցել երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում` հասցնելով դրանք քաղաքական և մշակութային երկխոսության բարձր մակարդակին:

Սերժ Սմեսովը գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հետո Ֆրանսիան երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված լուրջ առաջընթացի մասին:

Նշվել է նաև հայկական շուկայում ֆրանսիական խոշորագույն ընկերությունների դրական դերը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության և օծանելիքի արտադրության ոլորտներում:

Կառավարության ղեկավարը  հաջողություն է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ և  համոզմունք հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի  ու հայ ժողովրդի լավ բարեկամը: -0-