Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում դադարեցնել հակահայկական նախաձեռնությունը CNN-ի եթերում

27.08.2010, 17:27
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում դադարեցնել հակահայկական նախաձեռնությունը CNN-ի եթերում
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում դադարեցնել հակահայկական նախաձեռնությունը CNN-ի եթերում

Ամերիկայի հայկական համագումարը էլեկտրոնային արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում նամակներ կուղղվեն CNN՝ եթերից հակահայկական բնույթի սյուժեները հանելու կոչով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԱՀՀ-ից։

«Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, CNN-ի հեռուստածրագրերից մեկը պատրաստվում է ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուստաֆայի մասին հաղորդում հեռարձակել, որտեղ հերթական անգամ փորձ է արվում Խոջալուում կատարված իրադարձությունների մասին ադրբեջանական կեղծ և մտացածին դիրքորոշումը ներկայացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդումը նախատեսվում է ցուցադրել հինգ անգամ չորս օրվա ընթացքում՝ սկսած օգոստոսի 28-ից։

«Այսպիսով, Ադրբեջանի կառավարությունը միջազգային ասպարեզում իր հակահայկական քարոզչությունը շարունակելու համար փորձում է CNN-ի ձևաչափն օգտագործել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամերիկայի հայկական համագումարը բոլորին կոչ է անում օգնել  հերթական հակահայկական նախաձեռնության խափանմանը՝  http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 էջում CNN-ի ղեկավարությանը էլեկտրոնային նամակ ուղարկելով։

1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան» «Կրիստալ» և համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից:

Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել էր հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին ևս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս  առաջ, ինչը հաստատել են նաև Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը։

Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողություների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու և պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:- --0—