Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող վերջին գործընթացները խարխլել են ադրբեջանական քարոզչության հիմքերը, որը հիմնված է Հայաստանի թուլության մասին պնդումների վրա, կարծում է ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած):
«Երկար տարիներ Ադրբեջանը բարոյապես իր ժողովրդին պատրաստում էր պատերազմի՝ վարկաբեկելով հայկական կողմին, օգտագործելով այնպիսի թեզեր, ինչպիսիք են՝ «Ադրբեջանը հարուստ պետություն է և կարող է իր բանակը զինել նորագույն տեխնիկայով», «Ադբերջանական բանակը ուժեղ է, հայկական բանակը՝ թույլ»», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:
Նրա խոսքերով՝ հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած վերջին գործընթացները ցույց են տվել, որ ադրբեջանական քարոզչության համար դժվար օրեր են սկսվում:
«Այսուհետ ադրբեջանական իշխանություններին դժվար կլինի համոզել սեփական ժողովրդին, որ պատերազմի դեպքում կարելի է հեշտ հաղթանակ տանել հայերի նկատմամբ», - նշեց Ջամալյանը:
Նա ընդգծել է, որ այս տեսակետից ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքը զգալիորեն նվազում է:
«Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն կլինեն ադրբեջանական քաղաքական վերնախավի հետագա քայլերը: Ամենայն հավանականությամբ իշխանութոյւնները կսկսեն կասկածի տակ դնել հայ-ռուսական արձանագրությունների արժեքավոր և նշանակալից լինելը, կսկսեն պնդել, որ դրանք Ադրբեջանի հետ որևէ կապ չունեն», - ավելացրեց փորձագետը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-