ՀՀ նախագահը կարևորել է երիտասարդության կրթության դերը

22.07.2010, 14:29
ՀՀ նախագահը կարևորել է երիտասարդության կրթության դերը
ՀՀ նախագահը կարևորել է երիտասարդության կրթության դերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին «Միասին» երիտասարդական շարժման կրթական քննարկման մասնակիցների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարևորել է ժամանակակից աշխարհում երիտասարդության կրթության և գիտելիքների դերը։

«Ցանկանում եմ, որպեսզի մենք կարողանանք մեր օրինակով ցույց տալ, որ գիտելիքներով օժտված մարդը պահանջված է մեր հասարակության մեջ և ի վիճակի է ինքնուրույն լուծել իր խնդիրները»,- ասաց նա՝ նշելով, որ փող վաստակել հնարավոր է միայն որոշակի բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ ունենալու դեպքում։

Նախագահը ափսոսանքով նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կառավարման ոլորտում շատ քիչ երիտասարդ կրթված մասնագետներ կան։

Այս առթիվ նախագահը նշեց, որ հինգշաբթի հանդիպելու է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների, այսինքն` այն երիտասարդների հետ, ովքեր այս տարի արտասահմանում ընդունվել են առաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս տարի կրթաթոշակառուների թիվը 70-ի է հասել։

«Միասին»-ի ակտիվ գործունեության առթիվ գոհունակություն հայտնելով՝ նախագահը բարձր է գնահատել տվյալ քննարկման նշանակությունը։

«Միասին» շարժումն արդեն երկրորդ տարին Սևանում  կազմակերպում և անցկացնում է  ավանդական դարձած քննարկումը, որի այս տարվա  նպատակն է  երկրի քաղաքական կյանքում երիտասարդության հնարավոր մասնակցության բացահայտումը, ինչպես նաև հիմնականում փոքր բյուջեով բիզնես նախագծերի մշակումն ու ներկայացումը՝ պոտենցիալ նեդրողներ ներգրավելու նպատակով։

«Սա շատ լավ հնարավորություն է երիտասարդական միջավայրում իրենց դրսևորելու համար, լավ հնարավորություն է նոր գիտելիքներ ձեռք բերելու և հանգստանալու համար»,- ասաց նախագահը՝ կարևորելով նման միջոցառումների կազմակերպմանը։

Նման նախագծերին աջակցելու պատրաստակամություն հայտնելով՝ նա նշեց, որ այսօր երիտասարդության ակտիվությունը պահանջված է ինչպես պետության,  այնպես էլ հայկական հասարակության մեջ։

«Ես կարծում եմ, որ դուք մեծ գործ եք անում։ Եվ ամենակարևորն այն է, որ դուք փորձում եք արթնացնել մարդկանց գիտակցությունը, փորձում եք ակտիվացնել նրանց։ Սա շատ էական հանգամանք է, ինչի համար շատ ուրախ եմ»,- ընդգծեց նա։

Նախագահը նաև ընդգծեց «Արի տուն» ծրագրի կարևորությունը, որի մասնակիցները՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչերը, նույնպես ներկա էին հանդիպմանը։
 
«Հայաստան գալը շատ է ուրախացնում ամեն մի հայի, ով բնակվում է երկրից դուրս»- ասաց Սարգսյանը։ Ըստ նրա՝ կրկնակի ուրախալի է, որ Հայաստան է ժամանում հենց երիտասարդությունը, քանի որ նրանց մոտ շատ բան կարող է փոխվել հայրենիք գալուց հետո։

«Իսկ այն, որ մենք մեր հայրենակիցների մտածողության փոփոխության կարիք ունենք՝ ակնհայտ է»,- ասաց նա։

Սփյուռքի նախարարությունը 2009 թվականին մշակել է «Արի տուն» ծրագիրը, որը նախատեսում է երիտասարդական խմբեր ստեղծել տարբեր երկրներում, որոնց մասնակիցները կարող են ժամանել Հայաստան և բնակվել հայկական ընտանիքներում, ծանոթանալ հայրենիքի տեսարժան վայրերին, ավանդույթներին և կենցաղին։ Ծրագրին մասնակցում են սփյուռքահայության 14-25 տարեկան ներկայացուցիչներ։