Հայաստանը ԵՄ-ից հետևողականություն է ակնկալում հայ-թուրքական գործընթացում. ՀՀ ԱԺ խոսնակ
Հայաստանը Եվրամիությունից ավելի շատ հետևողականություն է ակնկալում Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործում, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ նախօրեին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի հատուկ նիստի ժամանակ:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին խոսնակի խոսքերը ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը, մեծապես արժևորելով իր այս նախաձեռնությանը միջազգային մակարդակով ցուցաբերած միջնորդությունը և ձգտելով պահպանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, պատրաստակամ է իր տրամաբանական ավարտին հասցնելու այս գործընթացը, եթե Թուրքիայի կողմից դրսևորվի քաղաքական կամք և դրական քայլեր նկատվեն այդ ուղղությամբ:
«Հավատարիմ մնալով իր սկզբունքներին և արձանագրություններից բխող իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը` Հայաստանն անմիջապես ներառեց սույն փաստաթղթերի վավերացման գործընթացը Ազգային ժողովի օրակարգում: Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի նման կառուցողական դիրքորոշումը», - հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակը:
Նա ափսոսանքով ավելացրել է, որ Թուրքիան ավելի քան մեկ տարի ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս գործընթացում, այլ հակառակը, սկսեց առաջ քաշել նախապայմաններ, ինչը որևէ առնչություն չունի արձանագրություններում ամրագրված դրույթների հետ:
Խոսնակի խոսքերով՝ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:
«Մեր համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգության և համագործակցության ամրապնդմանը», - ընդգծել է ՀՀ ԱԺ խոսնակը:-0-