Հայ հնագետները նոր սենսացիաներ են խոստանում Արենիի պեղումներից

30.06.2010, 18:05
Հայ հնագետները նոր սենսացիաներ են խոստանում Արենիի պեղումներից
Հայ հնագետները նոր սենսացիաներ են խոստանում Արենիի պեղումներից

Հայ հնագետներն Արենի 1 քարայրային համալիրի պեղումներից՝ այնտեղ գտնված աշխարհի հնագույն ոտնամանին համանման նոր սենսացիաներ են խոստանում։

«Ես հավաստիացնում եմ ձեզ, որ առաջիկայում մենք այս հնագիտական հուշարձանից բազմաթիվ նմանատիպ սենսացիաներ կունենանք»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Հունիսի սկզբին  ԶԼՄ-ները, հղում անելով  PLoS ONE ամսագրում՝ Հայաստանի, Իռլանդիայի, Բրիտանիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի մի խումբ գիտնականների հրապարակած հոդվածին, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հնագետները որոշել են Հայաստանում 2008 թվականին հայտնաբերված կաշվե «կոշիկի» ճշգրիտ տարիքը, ոտնամանը հետազոտությունների արդյունքում համարվում է կոշկագործության արվեստի աշխարհի հնագույն նմուշներից մեկը. այն մոտ 5 հազար տարեկան է։

Ավետիսյանն ընդգծեց, որ Արենի 1 հնագիտական հուշարձանի նյութերը, որում պահպանվել են մեծ թվով օրգանական մնացորդներ, շատ կարևոր նշանակություն ունեն Առաջավոր Ասիայում քաղաքակրթությունների ձևավորման ուսումնասիրության գործում։

Նա հայտնեց նաև, որ ուսումնասիրություն կանցկացվի պարզելու նպատակով, թե ինչպես էին կարող պահպանվել օրգանական նյութերը։

Այս կապակցությամբ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Գրիգոր Արեշյանը նշեց, որ աշխարհում որևէ վայրում այդ ժամանակահատվածի նյութերը չեն պահպանվել այդքան գերազանց վիճակում։

Հնդկական մոկասիններ հիշեցնող ոտնամանը պատրաստված է կաշվի մեկ կտորից, ունեցել է 23,5 սանտիմետր երկարություն (ինչը համապատասխանում է 37-րդ համարին) և 7,6-ից տասը սանտիմետր լայնություն։ Դատելով ձևից՝ այն կրել են աջ ոտքին։ Այն պահին, երբ հնագետները հայտնաբերել են այդ մոկասինը, այն լցված է եղել ծղոտով, և, հնարավոր է՝ պատրաստված է եղել նորոգման կամ երկարատև պահպանման համար։

Նախքան այս գտածոն, հնագույն հայտնի կաշվե կոշիկը հայտնաբերվել է մի քանի հազար տարի առաջ ալպյան սառցադաշտերում սառած և 1991 թվականին գտնված Օտցի (Oetzi) «տիրոլյան սառցե մարդու» ոտքերին։ Նրա մնացորդները տարեգրվում են մ.թ.ա. 3365-ից 3118 թթ.: Սառցե մարդու ոտքերին եղել են եղջերվի կամ արջի կաշվից պատրաստած «գուլպաների» հատվածներ։ -0-