ՀՀ արտգործնախարարությունը հուսով է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալված չէ

15.06.2010, 12:42
ՀՀ արտգործնախարարությունը հուսով է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալված չէ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Profil ավստրիական ամսագրին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «ոչ թե վերջնականապես տապալված է, այլ առկախված»:

«Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան հրավիրեց իր թուրք գործընկերոջը` Աբդուլա Գյուլին: Ապագայի տեսլական ունեցող այս նախաձեռնությունը, որը դրական պատասխանի արժանացավ Թուրքիայի նախագահի կողմից, մեզ թույլ տվեց սկսել գործընթացը, և մի քանի ամիս տևած բարդ բանակցությունների արդյունքում մենք նշանակալից քայլ կատարեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` անցյալ տարի Ցյուրիխում ստորագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ երկու արձանագրությունները», - ասել է Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանը սկսեց վավերացման գործընթացը, համապատասխան ընդունված ընթացակարգի` Սահմանադրական դատարանի որոշումը կայացվեց կանոնակարգով նախատեսված ժամկետից մեկ ամիս առաջ և արձանագրությունները երկրի հիմնական օրենքին համահունչ համարեց:

«Փետրվարի սկզբին հանրապետության նախագահը Լոնդոնի Չեթըմ Հաուսում իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանը, որտեղ նախագահի ղեկավարած կուսակցությունը բավարար մեծամասնություն ունի, կվավերացնի արձանագրությունները, հենց որ Թուրքիան անի դա: Թուրքական կողմը, որն ունի ավելի պարզ վավերացման գործընթաց, գործնականում այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարեց, բացի արձանագրությունները խորհրդարան ուղարկելուց, և արդեն փաստորեն 9 ամիս արգելափակում է վավերացման գործընթացը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով` Հայաստանի մոտեցումն ամբողջովին համընկնում է միջազգային հանրության դիրքորոշմանը` «համաձայնագրերի վավերացումը և իրականացումը պետք է տեղի ունենան առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում»: Նալբանդյանը նշել է, որ, բնականաբար, արձանագրություններում նախապայմաններ չկան:

«Մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ, եթե Թուրքիայում կրկին կլինեն գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն շարժվել առաջ և կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Միաժամանակ Նալբանդյանը հերքել է Հայաստանի կողմից գործընթացի ձգձգման մասին թուրքական կողմի հայտարարությունները: «Ե՞րբ է Հայաստանը արգելափակել կարգավորումը: Ոչ ոք չի կարող նման բան ասել: Կարգավորման գործընթացում Հայաստանի բոլոր քայլերն արժանացել են միջազգային հանրության հավանությանը: Նույնիսկ վավերացման գործընթացի առկախման որոշումը ըմբռնումով է ընկալվել և ողջունվել է», - ավելացրել է նախարարը:

Նալբանդյանը նշել է, որ գործընթացի կասեցման հիմնական և միակ պատճառը Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորումն այլ հարցերի հետ կապելու փորձի վերսկսումն է: «Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան հետքայլ արեց և նորից սկսեց խոսել նախապայմանների լեզվով, օրինակ` հայ-թուրքական կարգավորման գործընթացը փորձելով կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման հետ», - ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ ոչ միայն Հայաստանը, այլև գործընթացին աջակից և միջնորդ երկրները, ամբողջ միջազգային հանրությունը հրապարակավ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը կապ չունի հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: «Եվ դրանք կապակցելու փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ»:

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ գործընթացի դադարեցումը պայմանավորված է այն գործոնի հետ, որ Թուրքիան չի կարող հարգել ձեռք բերված համաձայնությունները, սեփական պարտավորություններն ու խոստումները:-0-