Հայաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտին աջակցելու համար Չինաստանի դեսպանը հուշամեդալ է ստացել

09.06.2010, 15:26
Հայաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտին աջակցելու համար Չինաստանի դեսպանը հուշամեդալ է ստացել
Հայաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտին աջակցելու համար Չինաստանի դեսպանը հուշամեդալ է ստացել

Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը չորեքշաբթի Հայաստանում ՉԺՀ Արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանչունին հուշամեդալ է հանձնել՝ «Կոնֆուցիոսի ինստիտուտ» չինական մշակույթի փորձարարական կենտրոնին աջակցելու համար։

Բուհի հուշամեդալի հանդիսավոր հանձնումը կայացել է չորեքշաբթի չինական մշակույթի ցուցահանդեսի բացման ժամանակ, որը կազմակերպվել էր Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից։

«Հարգելի պարոն դեսպան, թույլ տվեք հնչեցնել մեր գիտխորհրդի որոշումը, որի համաձայն՝ Հայաստանում Չինաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանչունին հուշամեդալ է շնորհվում՝ նվիրված Համալսարանի 70-ամյակին»,- ասաց Զոլյանը։

ԵՊԼՀ ռեկտորը Հայաստանի և Չինաստանի միջև հետագա արգասավոր  համագործակցության հույս հայտնեց և այդ կապակցությամբ հատուկ ընդգծեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Չինաստան։

Իր հերթին Չանչունը գոհունակություն հայտնեց փորձաարարական կենտրոնի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Կոնֆուցիոսի  ինստիտուտի դասախոսական կազմին՝ արգասաբեր աշխատանքի համար։

«Չնայած նրան, որ աշխարհագրական դիրքով Չինաստանն ու Հայաստանը հեռու են միմյանցից, երկու երկրների ժողովուրդների բարեկամությունն արմատներով հեռավոր անցյալ է գնում։ Մեր երկու ազգերը հինավուրց պատմություն և հիանալի քաղաքակրթություն ունեն։ Հին ժամանակներում Մեծ Մետաքսե ճանապարհը կապող ժապավեն դարձավ երկու մեծ ժողովուրդների միջև։ Իսկ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո քաղաքականության, տնտեսության, մշակույթի և տեխնոլոգիայի ոլորտում արգասաբեր համագործակցություն հաստատվեց»,- ասաց դեսպանը։

Չանչունն ավելացրեց, որ «Երևանի Կոնֆուցիոսի ինստիտուտը հայ ժողովրդի կողմից չինական մշակույթի ուսումնասիրման պատուհան է»,- և հավաստիացրեց, որ դեպսանատունն, ինչպես նախկինում, հոգ կտանի փորձարարական կենտրոնի բարելավման և զարգացման մասին։

«Կոնֆուցիոսի ինստիտուտ» չինական մշակույթի փորձարարական կենտրոնը ստեղծվել է 2009թ.-ին համալսարանի հիման վրա և բաղկացած է հինգ դասարաններից, որտեղ չինարենը և չինական մշակույթն ուսումնասիրում է տարբեր տարիքի շուրջ 100 հայ աշակերտ։ -0-