Ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունը չի իրականացվի Հայաստանի հաշվին, շաբաթ օրը Երևանում լրագրողներին ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը:
«Բացարձակ վստահությամբ կարելի է ասել, որ Թուրքիայի հետ մեր տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացումը չի կարող ընթանալ մեր դաշնակիցների շահերի հաշվին, Կովկասում մենք մեկ դաշնակից ունենք, դա Հայաստանն է», - ասել է Ռեշետնիկովը:
Նա ավելացրել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար շահավետ տնտեսական գործընկեր է: «Դա մեծ, զարգացող երկիր է, և մեզ համար շահավետ է հաստատել, զարգացնել և խորացնել տնտեսական և քաղաքական կապերը, սակայն Ռուսաստանը ոչ մի սանտիմետր չի տեղաշարժվի մեր ավանդական գործընկեր Հայաստանի հետ կապված հարցի առնչությամբ», - ասել է փորձագետը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի ղեկավարության հետ կապերում Հայաստանի հետ կապված հարցեր չեն առաջադրում: «Այդ հարցն առկա չէ մեր բանակցությունների և զրույցների ժամանակ», - ասել է Ռեշետնիկովը:-0-