Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հերքում է Կաթողիկոսի կողմից Շեհիդների պուրակ այցելելու մասին տեղեկատվությունը

03.05.2010, 14:31
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հերքում է Կաթողիկոսի կողմից Շեհիդների պուրակ այցելելու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հերքում է տեղեկատվությունն այն մասին,  թե Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը այցելել է ղարաբաղյան պատերազմում զոհվածների աճյունների ամփոփման վայր:

Ադրբեջանի ԶԼՄ-ները իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն են տարածել, որ իբրև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ Ալլահշուքյուր Փաշա-զադեի տվյալների համաձայն՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 26-ին մեկնելով Բաքու, գիշերն այցելել են ղարաբաղյան պատերազմում զոհվածների աճյունների ամփոփման վայր:

«Այս կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է Կովկասի մահմեդականների վարչություն և հուսով է, որ համապատասխան հերքում կտրվի: Այդ հայտարարությունն ամբողջովին հորինված է», - ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության մեջ:

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ Ալլահշուքյուր Փաշա-զադեի հրավերով ապրիլի 26-ին մեկօրյա այցով մեկնել էր Բաքու:-0-