ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների անդամների միջև միջկուսակցական հարաբերությունների հիման վրա խնդիրներ լինել չեն կարող, հինգշաբթի լրագրողների հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ ապրիլի 17-ին Երևանում երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։
«Սկսած երկուշաբթի օրվանից մենք պարբերաբար հերքում և այժմ էլ շարունակում ենք հերքել այն, որ կուսակցական հարթությունում կարող են նման խնդիրներ լինեն»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ միջադեպին կուսակցության առանձին դեմքերի մասնակցության կապակցությամբ հստակեցումներ են կատարվել։
Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով, Նոր Նորք համայնքում ապրիլի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց գտնվող «Crazy horse» սրճարանի մերձակայքում վիճաբանություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև։
Հայաստանի Ոստիկանության մամուլի ծառայությունը հերքեց այդ հաղորդագրությունները՝ հայտնելով, որ խուլիգանության մասնակիցները չեն պատկանում որևէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության, այլ ավելի վաղ դատված անձինք ու թմրամոլներ են։ Ոստիկանության տվյալներով, հրազենի կիրառմամբ խուլիգանություն են կատարել 60-70 մարդ, նրանցից 36-ը ձերբակալված են։
Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարած խուլիգանություն) և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ (հրազենի, ռազմամթերքի, ակոսափող հրազենի փամփուշտների անօրինական ձեռքբերելը, իրացնելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը)։ -0-