ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գեղանկարիչ Գրիգորի Գեղամյանի և քանդակագործ Էդուարդ Շաղիկյանի «Հայաստան-Ռուսաստան. երկու մշակույթների երկխոսություն» համատեղ ցուցահանդեսն է բացվել չորեքշաբթի Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։
«Արդեն կարելի է խոսել Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում ձևավորված ավանդույթի մասին, երբ մենք հանդիպում ենք այդ սրահում նոր ցուցադրության առիթով։ Եվ ամեն անգամ մենք մեզ համար բացահայտում ենք հայկական մշակույթի, հայ նկարիչների ստեղծագործման մի հսկայական շերտ»,- ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը ցուցահանդեսի բացման ժամանակ։
Ըստ նրա՝ Հայաստանն ու Ռուսաստանը շաղկապված են հատուկ հարաբերություններով, «որոնց նմանը չկա հետխորհրդային տարածքում»։
«Հայ նկարիչների ստեղծագործությունն ավելի մոտ է դառնում Ռուսաստանին նմանատիպ ցուցահանդեսների միջոցով։ Հույս ունենք, որ հետագայում այդ ներուժը կընդլայնվի և կիրականացվի ի բարօրություն երկու ժողովուրդների»,- ընդգծեց Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարը։
Իր հերթին քանդակագործ Էդուարդ Շաղիկյանը նշեց, որ ցուցահանդեսը ևս մեկ քայլ է Հայաստանի և Ռուսաստանի մշակութային մերձեցման ճանապարհին։
«Ես ցանկանում եմ այս ցուցահանդեսը «Բարեկամների ցուցահանդես» անվանել, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը դարավոր բարեկամներ են։ Եվ մենք Գրիգորիի հետ ոգեշնչվել ենք հենց այդ բարեկամությունից»,- ավելացրեց քանդակագործը։ -0-