Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը կախված է Հայաստանի և ԱՄՆ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի հանդիպումից ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում ծրագրված միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, չորեքշաբթի լարգրողներին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոն այցելելու պաշտոնական հրավեր է ստացել՝ միջուկային անվտանգության վերաբերյալ գլոբալ գագաթնաժողովի մասնակցելու նպատակով։
Շաքարյանի խոսքերով՝ ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների արդյունքում հայկական պետության ղեկավարը կարող է հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս Թուրքիայի հետ բանակցային գործընթացից կամ հետաձգում է այդ գործընթացը որոշ ժամանակով։
«Մյուս կողմից եթե թուրք վարչապետ Էրդողանն այնուամենայնիվ վճռի և մեկնի Վաշինգտոն, հնարավոր է, որ Սարգսյանը կհայտարարի, թե Հայաստանը դուրս չի գալիս գործընթացից, քանի որ կան որոշակի պայմանավորվածություններ»,- նշեց փորձագետը։
Միաժամանակ Շաքարյանը վստահություն հայտնեց, որ եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան քայլեր չնախաձեռնի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման ջանքերը՝ պսակված արձանագրությունների ստորագրմամբ, կհետաձգվեն ևս 5-6 տարով։
Միաժամանակ, ըստ նրա, Թուրքիայի ձեռնտու չէ Հայաստանի՝ գործընթացից դուրս գալու սցենարը, որովհետև նա կանի հնարավորին ամեն ինչ այդ գործընթացը «սառեցված» վիճակում պահելու համար։
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-