Ադրբեջանը պատրաստ չէ ղարաբաղյան խնդրի կառուցողական լուծումների, ուրբաթ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Ադրբեջանի՝ ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո Երևանի հետագա գործողությունների վերաբերյալ հարցին։
Պաշտոնական Բաքուն մերժումով է պատասխանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կոչին, որն արվել է հայկական պետության ղեկավարի կողմից Եվրանյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Առաջին հերթին հետևություններ պետք է անեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ողջ միջազգային հանրությունը՝ հերթական անգամ գիտակցելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական որոշումների»,- ասաց Շարմազանովը։ Միաժամանակ պատգամավորը նշեց, որ Հայաստանի համար ղարաբաղյան հարցի լուծումը ցանկացած գնով գերխնդիր չէ։ «Մեզ համար գերխնդիր է ղարաբաղյան խնդրի հայամետ լուծումը»,- ասաց նա։
Շարմազանովի խոսքերով, Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հստակ է։ «Մենք ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում, իսկ խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ռազմական լուծումը մեզ համար աընդունելի է։ Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց և չենք վախենում դրանից»,- ընդգծեց նա։
Վերջիվերջո, պատգամավորի խոսքերով, ոչ ոք չի կարող կարգավորել հակամարտությունն առանց ղարաբաղյան ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-