ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական գործընթացը վնասում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
«Հայ-թուրքական գործընթացը հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան նախապայմաններ է դնում Ղարաբաղյան հարցում և Թուրքիան պնդում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:
Մինասյանը նշեց, որ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը կարող է կամ Ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման հանգեցնել ոչ հայկական կողմի օգտին, կամ էլ՝ պատերազմի վերսկսման հավանականության աճի:
«Որքան շուտ մենք և առաջին հերթին, իշխանությունները, դա հասկանան, այնքան լավ»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքերով՝ պատահական չէ նաև, որ դարձյալ բանակցային կողմերին են ներկայացվում, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներ, որոնք, իր կարծիքով, հակահայկական տարրեր են պարունակում, քանի որ ենթադրում են փախստականների վերադարձ ու ձգձգում ԼՂՀ ներգրավումը բանակցային գործընթացում՝ որպես լիիրավ կողմ:
Պատգամավորը նշեց, որ չնայած բանակցային գործընթացին ԼՂՀ չմասնակցությանը որպես լիիրավ կողմի, չի նշանակում, որ Լեռնային ղարաբաղը դուրս է բերվել բանկցային գործընթացի շրջանակներից:
Ինչպես հիշեցրեց Մինասյանը, բանակցությունների գործընթացում երբեք ԼՂՀ-ն բանակցային ձևաչափի շրջանակներից դուրսմղման քաղաքականություն չի վարվել: Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում ԼՂՀ շահերի պաշտպանությունը Հայաստանին հանձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Բայց ՀՀ ոչ մի նախագահ բանակացություններում չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղին»,- հավաստեց նա:
Ինչպես կարծում է Մինասյանը, Հայաստանը միշտ պետք է շեշտադրի ԼՂՀ-ին՝ որպես լիիրավ կողմի, բանակցություններում ընդգրկելու անհրաժեշտությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-