Բուլղարիայի «Կարգ, օրենք և արդարադատություն» (RZS) պահպանողական կուսակցությունը երկրի խորհրդարանի քննարկման է ներկայացրել Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարությունը, հաղորդում է www.novinite.com կայքը:
Ըստ տեղեկատվության՝ այս քայլը կապված է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Բուլղարիա կատարած այցի և Թուրքիայից 100 հազար հայերի արտաքսման հնարավության մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարության հետ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։ «Վաղը, եթե հարկ լինի, ես այդ 100 հազարին, որոնց մենք պահում ենք, կասեմ հեռանան մեր երկրից: Ես դա կանեմ, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում», - սպառնացել է Էրդողանը:
RZS-ը նաև սպասում է Բուլղարիայի կաբինետի քաղաքականության մասին վարչապետի պաշտոնական պատասխանին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:
Կուսակցության առաջնորդ Յանե Յանևն ընդգծել է, որ իրենց նպատակն է փոխհամաձայնության հասնել այդ ողբերգական իրադարձությունների գնահատականի վերաբերյալ և հանդես գալ հստակ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն պատմական ճշմարտության, ինչպես դա արվեց ԱՄՆ-ում և Շվեդիայում:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար: Մարտի 11-ին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել է նաև Շվեդիայի խորհրդարանը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես՝ Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը:-0-