«Կատաղի ցուլ» Դարչինյանը մտադիր չէ թերագնահատել Գերերոյին

05.03.2010, 14:53
«Կատաղի ցուլ» Դարչինյանը մտադիր չէ թերագնահատել Գերերոյին
«Կատաղի ցուլ» Դարչինյանը մտադիր չէ թերագնահատել Գերերոյին

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը (մականունը՝ Կատաղի ցուլ) հայտարարել է, որ մտադիր չէ թերագնահատել իր ապագա մրցակից, մեքսիկացի Ռոդրիգո Գերերոյին, հաղորդում է Fightnews կայքը:

«Showtime-ն ասես իմ տունը լինի, և ես անհամբերությամբ սպասում են այդ հեռուստաալիքով իմ տիտղոսի պաշտպանությանը: Գերերոյի հետ մենամարտում ես կկարողանամ ցույց տալ իմ բոլոր ունակությունները: Ռոդրիգոն լավ տղա է: Նա մենամարտել է հիանալի բռնցքամարտիկների հետ և շատ լավ տպավորություն է թողել: Այնպես որ ես չեմ թերագնահատի մրցակցիս: Գերերոն բռնցքամարտում ապագա ունի», - հայտարարել է Դարչինյանը շաբաթ օրը կայանալիք մենամարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Գերերոն իր հերթին հայտարարել է, որ շատ ուրախ է տիտղոսի համար պայքարելու հնարավորության համար և կփորձի անակնկալ մատուցել բռնցքամարտի սիրահարներին:

«Ես շատ ուրախ եմ և հուզված: Իմ ողջ կյանքի ընթացքում սպասել եմ այդ հնարավորությանը: Երբ ինձ առաջին անգամ ասացին, որ մենամարտելու եմ չեմպիոնական տիտղոսի համար, ապա ես չհավատացի իմ ականջներին: Դա մեծ անակնկալ էր ինձ համար: Երկար ժամանակ այդ նորության տպավորության տակ էի: Միայն մարզումների ժամանակ հանգստացա: Գիտեմ, որ շատերը լսել են իմ մասին և կարծում են, որ այդքան էլ լավը չեմ: Սակայն ես խոսք եմ տալիս, որ չեմ ընկնի ռինգում առաջին կամ 12-րդ ռաունդում: Ես մարդկանց անակնկալ կմատուցեմ», - մեջբերում է Գերերոյին Fightnews-ը:

Վախթանգ (Վիկ) Դարչինյանը առաջին գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնն է: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն անցկացրել է 36 մենամարտ և տարել է 33 հաղթանակ՝ 27-ը նոկաուտով, կրել է երկու պարտություն, ևս մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի:

Ռոդրիգո Գերերոն անցկացրել է 15 մենամարտ, տարել 13 հաղթանակ՝ 9-ը նոկաուտով, մեկ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով և կրել է միայն մեկ պարտություն:-0-