ՀՀ նախագահը Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահի հետ քննարկել է եվրաինտեգրման հեռանկարները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սարգսյանը կարևորել է համաեվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստանի Հանրապետություն և ասել, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում երկրի եվրաինտեգրման ճանապարհին:
«Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի կանոններով, նրանց դավանած արժեքային համակարգով և այս առումով մեր ուղղությունը շատ ակնհայտ է», - ընդգծել է երկրի ղեկավարը` կարևորելով նաև շփումները, ինտեգրումը կուսակցական մակարդակով:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահին` Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ և ասել. «Ինչպես բազմիցս նշվել է, սա նոր հնարավորություններ է բացում Եվրոպական խորհրդարանի, և ընդհանրապես, Եվրոպայի դերի բարձրացման գործում»:
Վիլֆրիդ Մարթենսն իր հերթին ասել է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն՝ ուսումնասիրելու նրանց հայտերը և սկսելու անդամակցության ընթացակարգը:
Հանրապետության նախագահը և Եվրոպական Ժողովրդական կուսակցության ղեկավարը քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցերը։
Վիլֆրիդ Մարթենսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, անդամակցում է Եվրախորհրդին, ընդգրկված է Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրում:
Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը Արևելյան գործընկերությունը դիտում է «հնարավորությունների պատուհան» և ձգտում է լավագույնս օգտագործել ընձեռված հնարավորություններն ու լայնածավալ բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտեցումները:-0-