Գրեթե բացառվում է, որ Հայաստանը առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Գրեթե անհնարին եմ համարում, որ Հայաստանը առաջինը վավերացնի արձանագրությունները, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանը ոչ մի հիմք չունի տվյալ հարցում շտապելու համար:
Անդրադառնալով արձանագրությունների տակ դրված ստորագրություններից հնարավոր հրաժարվելու մասին հարցին՝ Հարությունյանն ասաց, որ քաղաքական իրավիճակը խնդրի շուրջ անընդհատ փոխվում է, և կիրառվում են տարբեր դիվանագիտական մեխանիզմներ: Ըստ նրա՝ Հայաստանը սա նկատի ունենալով՝ զերծ է մնում վավերացման որևէ ժամկետից, սակայն վավերացման գործընթացը չի կարող տարիներ տևել, ըստ ամենայնի, դա մեկ-երկու ամսվա հարց է:
«Հնարավոր հրաժարման մասին մեր որոշումը կախված է տարբեր գործընթացներից: Հնարավոր է՝ մենք սպասենք մեկ-երկու ամիս, եթե դա խելամիտ համարենք, հնարավոր է նաև, որ գնանք այդ քայլին»,- ասաց խորհրդարանականը:
Հարությունյանը հայտնեց, որ իր գխավորած խորհրդարանական հանձնաժողովը կքննարկի արձանագրությունները առաջիկա նիստի ընթացքում, այնուհետև կտա իր եզրակացությունը: Միևնույն ժամանակ պատգամավորն ասաց, որ մերժել է իր գլխավորած հանձնաժողովի կողմից այս հարցի շուրջ առանձին լսումներ կազմակերպելու մասին առաջարկը:
Մեկնաբանելով ՍԴ որոշումը հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ Հարությունյանն ընդգծեց, որ ինքը վերապահումներ չի մտցրել դրանցում, այլ ընդամենը կատարել է մեկնաբանություններ, որպեսզի հետագայում ոչ ոք «չհամարձակվի ետ կանգնել դրա դրույթներից»:
Նա անհիմն համարեց Թուրքիայի հայտարարությունները դատարանի որոշման վերաբերյալ և ասաց, որ ուրախ է տվյալ հարցում Հայաստանին ցուցաբերված միջազգային աջակցության համար:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-