Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի մասին գիրք կհրատարակվի մարտին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախկին վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Սպարապետ» գիրքը կհրատարակվի մարտի 5-ին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ։
Ինչպես երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց գրքի հեղինակ, փոխգնդապետ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Մարտին Բաղդասարյանը, գիրքը ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Ազատագրում» եռապատման երրորդ մասն է։
«Լինելով ազատագրական պատերազմի մասնակից՝ ես ամենասկզբից գրի եմ առել դեպքերը, մարտերի ժամանակգրությունը, ազատամարտիկների սխրանքները, որոնց շարքում առանձնացել է Վազգեն Սարգսյանը»,- նշեց նա։
Հեղինակի խոսքերով՝ գիրքը լույս կտեսնի 2000 օրինակ տպաքանակով, ընդ որում՝ այն վաճառքի չի հանվի։
Իր հերթին պատմաբան, գրքի գիտական խորհրդատու Արմեն Կարապետյանն ընդգծեց, որ գիրքը հիմնված է պատերազմի մասնակիցների, իրադարձությունների ականատեսների պատմությունների հիման վրա և ղարաբաղյան պատերազմի յուրօրինակ ժամանակագրություն է։
«Հետագայում գիրքը կարող է օգտագործվել նաև մասնագետների կողմից որպես օգտակար տեղեկությունների աղբյուր»,- ասաց Կարապետյանը։
Խոսելով ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին՝ պատմաբանը նշեց, որ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ չէ։
«Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել պատերազմի, և ես վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում ազատամարտիկները կրկին զենք կվերցնեն»,- ավելացրեց Կարապետյանը։
Հայաստանի պետական և ռազմական գործիչ Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին։1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1992թ-1993 թթ.` նշանակվել է ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:
1993-1995 թթ. զբաղեցրել է պետնախարարի պաշտոն: 1995-1999 թթ. կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 1999 թ. հունիսից մինչև հոկտեմբեր ՀՀ վարչապետն էր։ Զոհվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։
1999 թ.-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման (հետմահու): 1998թ. արժանացել է «Արցախի հերոսի» կոչման` պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով: Ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը: -0-