Հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ ուղարկելը նորմալ գործընթաց է. փորձագետ

12.02.2010, 19:55
Հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ ուղարկելը նորմալ գործընթաց է. փորձագետ
Հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ ուղարկելը նորմալ գործընթաց է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունները վավերացման համար ԱԺ ուղարկելը նորմալ գործընթաց է, և արտակարգ ոչինչ այդտեղ չկա, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ» հայ-թուրքական արձանագրությունները ուղարկել է խորհրդարան վավերացնելու համար:

«Չեմ կարող ասել, թե դրան ինչպիսի արձագանք կտա թուրքական կողմը, բայց կարծում եմ, որ ՀՀ խորհրդարանը, եթե նման որոշում ընդունի, պետք է քննի ու վավերացնի արձանագրությունները միայն այն ժամանակ, երբ որևէ քայլ արվի Թուրքիայի կողմից»,- հայտարարեց Սաֆրաստյանը:

Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ առաջիկա ամիսների ընթացքում Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացնելու հետ կապված իրավիճակը կպարզվի, հավելելով, որ «տպավորություն է ստեղծվում՝ կարծես Թուրքիան միտումնավոր կերպով դանդաղեցնում է գործընթացը»:

«Եթե քայլեր ձեռնարկվեն, ենթադրում եմ, որ դա ոչ թե վավերացում կլինի, այլ այդ փաստաթղթերի քննարկում՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում»,- ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին  «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Ընդունելով, որ կողմերի սահմանած պարտավորությունները փոխադարձ միջպետական բնույթ են կրում և չեն կարող երրորդ երկրի վրա, ՍԴ-ն միաժամանակ փաստել է նաև, որ արձանագրությունների առաջնահերթային դրույթն է հանդիսանում հայ-թուրքական սահմանի փաստացի բացումը, և մյուս բոլոր պարտավորություններն իրավական ուժ են ստանում միայն հայ-թուրքական սահմանի բացման առկայությունից հետո:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-