Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի ժամանակ Ադրբեջանին կփոխարինի Ուզբեկստանը

01.02.2010, 16:39
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի ժամանակ Ադրբեջանին կփոխարինի Ուզբեկստանը
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի ժամանակ Ադրբեջանին կփոխարինի Ուզբեկստանը

Ուզբեկստանի հավաքականը կփոխարինի Ադրբեջանին Երևանում փետրվարի 13-14-ին կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Աշխարհի գավաթի՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը:

«Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան այսօր նամակ է ստացել FILA-ից (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) այն մասին, որ Ադրբեջանի հավաքականին Գավաթի ժամանակ կփոխարինի Ուզբեկստանի հավաքականը»,- հայտնեց նա:

Քալանթարյանը նշեց, որ Ադրբեջանն իր մերժումը բացատրում է նրանով, որ նախապատրաստվում է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի սկզբին Բաքվում:

Նա հայտնեց նաև, որ FILA-ն չի պատրաստվում Ադրբեջանի հանդեպ որևէ կարգապահական պատժամիջոցներ կիրառել Աշխարհի գավաթին մասնակցելուց հրաժարվելու համար:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթը կանցկացվի Երևանում փետրվարի 13-14-ին: Հայաստանի թիմից բացի, մրցաշարում իրենց մասնակցությունը հաստատել են Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Կուբայի և Հունգարիայի հավաքականները: -0-