Հայաստանում հինգշաբթի նշվում է Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակը, ինչը սերտորեն կապված է հայկական անկախ պետության կայացման հետ: Հայկական բանակի շնորհիվ հաջողվեց պաշտպանել Արցախի անկախությունն ու անսասան պահել Հայաստանի սահմանները:
Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։
«Հայոց Բանակի ծննդյան հետ կապված են մեր նորօրյա պատմության պանծալի հիշատակներ, մեր ժողովրդի հավատավոր, հայրենասեր ու ազատասեր, արի հոգու հաղթանակներ, որոնք պարծանքով են լցնում այս տոնական օրը և ոգեշնչում ու զորացնում մեզ: Արդարև, Արցախյան ազատամարտի և Հայաստանի սահմանների պաշտպանության հերոսական մարտերում կազմավորված և հասակ առած Հայոց Բանակը հավատարիմ զավակն ու հպարտությունն է մեր ժողովրդի: Այսօր մեր Բանակի քաջարի զինվորների և հրամանատարների պատվախնդիր ու նվիրյալ ծառայությամբ խաղաղ են մեր Հայրենիքի սահմանները, և մեր ժողովուրդը իր ազատ կյանքն է կառուցում Հայաստանում և Արցախում», - ասվում է Ազգային բանակի ստեղծման 18-ամյակի կապակցությամբ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի տոնական ուղերձում:
Նախօրեին Բանակի օրվա կապակցությամբ հայկական բանակի անցած դժվարին ճանապարհի մասին հիշեցրել է ՀՀ պաշտպանության նախարար, արցախի ազատագրական պայքարի հերոս Սեյրան Օհանյանը:
«Առաջին փուլում կանգնած է եղել Հայաստանի և Արցախի բնակչության կյանքի անվտանգության ապահովման խնդիրը կամավորական ջոկատների ուժերով։ Երկրորդ փուլը բնութագրվում է հայկական բանակի կանոնավոր ստորաբաժանումների ձևավորումով։ Մեր ժողովրդին հաջողվեց իրականացնել գրեթե անկարելին՝ դուրս գալ Արցախյան պատերազմի ընթացքում ստեղծված ծանրագույն իրավիճակից և ստեղծել տարածաշրջանում ամենաուժեղ բանակներից մեկը», - նշել է նախարարը:
Սեյրան Օհանյանը նշել է, որ 18 տարի առաջ, երբ ստեղծվում էր պաշտպանության նախարարությունը և ձևավորվում էին զինվորական առաջին ստորաբաժանումները, մեզանից ոչ ոք նույնիսկ չէր կարող ենթադրել, որ այսօր մենք կարող ենք նման մարտունակ և ուժեղ բանակ ունենալ: Նա ընգծել է, որ այժմ ՀՀ Զինված ուժերը համարվում են տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանին հասցեագրված ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները նրան չեն վախեցնում, այլ միայն խթանում են մշտական զարգացումն ու կատարելագործումը։
«Մենք հաղթանակած բանակ ենք և խաղաղության կողմնակից, և պարբերաբար հնչող սպառնալիքները մեզ չեն վախեցնում։ Մենք պահպանում ենք զգոնությունն ու մշտապես կատարելագործվում ենք»,- ընդգծել է նախարարը:
Հայկական բանակի օրը հանրապետությունում ոչ աշխատանքային օր է: Տոնական միջոցառումների շրջանակներում ծրագրված է ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին:
Բացի այդ, Հայկական բանակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կպարգևատրի որոշ զինծառայողների, իսկ երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա տոնական համերգ:-0-