Հայկական բանակն անցել է ձևավորման բարդ ճանապարհ և դարձել տարածաշրջանի հզորագույն բանակներից մեկը. նախարար

27.01.2010, 15:37
Հայկական բանակն անցել է ձևավորման բարդ ճանապարհ և դարձել տարածաշրջանի հզորագույն բանակներից մեկը. նախարար
Հայկական բանակն անցել է ձևավորման բարդ ճանապարհ և դարձել տարածաշրջանի հզորագույն բանակներից մեկը. նախարար

Հայկական բանակը ձևավորման բարդ ճանապարհ է անցել՝ դառնալով ներկայում տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայկական բանակի 18-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում։

«18 տարի առաջ, երբ ստեղծվում էր պաշտպանության նախարարությունը և ձևավորվում էին զինվորական առաջին ստորաբաժանումները, մեզանից ոչ ոք նույնիսկ չէր կարող ենթադրել, որ այսօր մենք կարող ենք նման մարտունակ և ուժեղ բանակ ունենալ»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով, հայկական բանակն անվտանգության հուսալի երաշխիք է եղել Հայաստանի պատմության բոլոր փուլերում, իսկ հայ զինվորները պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները:

Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ իր կայացման ընթացքում հայկական բանակն անցել է զարգացման մի քանի փուլ։

«Առաջին փուլում կանգնած է եղել Հայաստանի և Արցախի բնակչության կյանքի անվտանգության ապահովման խնդիրը կամավորական ջոկատների ուժերով։ Երկրորդ փուլը բնութագրվում է հայկական բանակի կանոնավոր ստորաբաժանումների ձևավորումով։ Մեր ժողովրդին հաջողվեց իրականացնել գրեթե անկարելին՝ դուրս գալ Արցախյան պատերազմի ընթացքում ստեղծված ծանրագույն իրավիճակից և ստեղծել տարածաշրջանում ամենաուժեղ բանակներից մեկը»,- ընդգծեց նախարարը։

Օհանյանը նշեց, որ, սկսած հնագույն ժամանակներից, ռազմարվեստն առաջատար դեր է խաղացել հայ հասարակության կյանքում։ Միաժամանակ, ըստ նրա, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը դարձավ Հայաստանի անկախության ձեռքբերման սկիզբը։

Միջոցառմանը մասնակցեցին հանրապետության ուժային կառույցների ղեկավարներ, մասնավորապես, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Ռազմական ոստիկանության ղեկավար Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

Արարողության ընթացքում մի շարք զինծառայողներ և հանրապետության ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվեցին տարբեր մեդալներով («Արիության համար», «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Իսակով») և շնորհակալական պատվոգրերով հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար։ -0-