ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է նախարարի բազմամիլիոն եկամուտների մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է գերատեսչության ղեկավարի բազմամիլիոն եկամուտների մասին լուրեր:
Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել է անանուն հեղինակի մի հոդված, որի համաձայն՝ Սեյրան Օհանյանն ամբողջությամբ գնել է Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը, իսկ նրա ամսական եկամուտը գերազանցում է մի քանի միլիոն դոլարը:
«Հրապարակված տեղեկատվության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածված տեղեկությունը զազրելի սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գործունեությունը միշտ եղել է թափանցիկ և հասարակության համար մատչելի», - ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ:
«Այս հերյուրանքների հեղինակներին կարելի է փնտրել այն անձանց և կազմակերպությունների շրջանում, ում «շահերը» ոտնահարվեցին մրցույթների գործընթացներին պաշտպանության նախարարի անմիջական վերահսկողության շնորհիվ», - ասվում է տեղեկատվության մեջ:
Միաժամանակ մամուլի ծառայությունը նշել է, որ էժանագին բամբասանքների ու զրպարտությունների հրապարակումը և մարդկանց վիրավորելը վկայում է միայն թերթի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին:-0-