Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. նախագահի մամուլի ծառայություն
Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ Սոչիում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպման կապակցությամբ:
Սոչիի հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների միջև, 2010թ. առաջին շփումն է և չորրորդը նման ձևաչափով` Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ:
Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահի` Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:
Սոչիում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի և Ռոբերտ Բրադկեի հետ:
Ինչպես լրագրողներին հայտնեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի մասին իրենց առաջարկներ կպատրաստեն, Մադրիդյան նորցված սկզբունքների նախաբանն արդեն համաձայնեցված է: Նա նշեց, որ այսօր գլխավոր արդյունքը պայմանավորվածությունն է այն մասին, որ չնայած փաստաթղթի որոշ մասեր կան դեռ, որոնք առայժմ համաձայնեցված չեն, կողմերն այդ մասերի վերաբերյալ իրենց որոշակի գաղափարները կպատրաստեն, իրենց որոշակի ձևակերպումները, որոնք կընդգրկվեն այդ տեքստում:
Այսօր ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Երևան:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: