ՀՀ վարչապետը ԵՄ խորհրդականների քննարկել է ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման աշխատանքները
Երեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորած ԵՄ խորհրդատվական խմբի հետ քննարկել է Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ապրանքների ազատ տեղաշարժի, GSP+ համակարգի ներդրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, թափանցիկ կառավարման համակարգի զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են մտավոր սեփականության պաշտպանությանը, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման հնարավորություններին:
Ընդգծվել է պետական պարտքի կառավարման ոլորտում ընթացող աշխատանքների կարևորությունը, ֆինանսների նախարարության համապատասխան կառույցների կարողությունների ամրապնդումը, այդ համատեքստում կարևորվել են պետական կառավարման ոլորտում մասնագետերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները:
Վարչապետը կարևորել է ԵՄ խորհրդատվական խմբի ավանդույթ դարձած հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ամփոփել կատարված աշխատանքն ու մատնանշել հետագա գործողությունները:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին մասնագիտական կարևոր խորհրդատվության համար: Նա նշել է, որ որոշ խնդիրների լուծման համար առանձին հանդիպումներ են նախատեսված, որպեսզի ավելի հստակ հանձնարարականներ տրվեն:
11 փորձագետներից կազմված ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանում աշխատում է ընթացիկ տարվա ապրիլի մեկից և խորհրդատվություն է տրամադրում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման հարցերի, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական կառույցների ամրացման շուրջ: Հայաստանն առաջին երկիրն է, որի հանդեպ կիրառվում են տվյալ նորարարական մոտեցումները տեխնիկական աջակցության նպատակով: -0-