Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեզոնային գրիպի և ՍՇՎ-ի 31467 դեպք

09.12.2009, 19:53
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեզոնային գրիպի և ՍՇՎ-ի 31467 դեպք
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեզոնային գրիպի և ՍՇՎ-ի 31467 դեպք

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակի 31467 դեպք, չորեքշաբթի խորհրդարանում խորհրդարանական ժամի ընթացքում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Նա նշեց, որ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սեզոնային գրիպի և ՍՇՎ-ի թվի աճ։

Միաժամանակ նախարարը նշեց, որ ներկայում Հայաստանում արձանագրվել է A/H1N1 գրիպի 49 դեպք, իսկ մնացած դեպքերն այս սեզոնին հատուկ սեզոնային գրիպի և սուր շնչառական վիրուսների դեպքեր են։

Խոսելով A/H1N1 գրիպի դեմ պայքարի քայլերի մասին՝ Քուշկյանը նշեց, որ հանրապետությունում ձեռնարկված են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, բոլոր ամբուլատոր հաստատություններին տրամադրվել է «Տամիֆլյու» դեղամիջոցը։

«Երկու օր առաջ մենք պատվիրել ենք (Տամիֆլյուի) ևս 20 հազար չափաբաժին, որպեսզի ամբողջությամբ ապահովենք երկրին անհրաժեշտ պաշարները նմանատիպ անհրաժեշտության դեպքում»,- ասաց Քուշկյանը։

Նախարարի խոսքերով, Հայաստանի ամբուլատոր բոլոր հաստատություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով և ցանկացած պահի պատրաստ են ապահովել հիվանդների հետազոտումը։

«Ներկայում խուճապի կամ անհանգստության կարիք չկա, քանի որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այդ վիրուսը տարածված է ողջ աշխարհում և անհրաժեշտ է ժամանակ՝ մոտ մեկ-երկու ամիս, որպեսզի վարակը նահանջի»,- ընդգծեց Քուշկյանը։ Ինչպես նշեց նախարարը, հիվանդությունների հետ կապված իրավիճակը երկրում փաստացիորեն նույնն է։

Միաժամանակ նա հայտնեց, որ ձեռնարկվում են նաև համապատասխան միջոցները դպրոցներում և մանկապարտեզներում կարանտին մտցնելու վերաբերյալ, ինչը հոգատարության դրսևորում է բնակչության նկատմամբ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցառում, որ ձեռնարկվում է բազմաթիվ երկրներում և գրիպի տարածման կանխարգելման արդյունավետ քայլ է։  

Կրթության նախարարության որոշման համաձայն, հայկական դպրոցներն ու մանկապարտեզները դեկտեմբերի 8-19-ը ժամանակավորապես փակվել են սուր շնչառական վիրուսային հիվանդությունների կանխարգելման նպատակով:

Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում խոզագրիպից մահանալու դեպք չի գրանցվել: Հանրապետությունում շարունակվում է հակավարակային միջոցառումների անցկացումը, որոնք ուղղված են գրիպի տարածման կանխարգելմանը, մասնավորապես դիտարկում են անցնում երկիր ժամանող բոլոր քաղաքացիները: -0-