Ղարաբաղի նախկին արտգործնախարարը չի բացառում ԼՂՀ վերահսկվող տարածքների մի մասն Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը

03.12.2009, 13:17
Ղարաբաղի նախկին արտգործնախարարը չի բացառում ԼՂՀ վերահսկվող տարածքների մի մասն Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը չի բացառում ԼՂՀ վերահսկվող տարածքների մի մասն Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը:

«Եթե Հայաստանը չկարգավորի իր արտաքին քաղաքականությունը և չփոխի ներկա բանակցային գործընթացի տրամաբանությունը, ապա որոշակի պայմաններում ԼՂՀ տարածքների մի մասը հանձնումը Ադրբեջանին հնարավոր է գերտերություններից մեկին հաճոյանալու համար», - ասաց նա՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հարցին:

Այս ամենի հետ մեկտեղ նախկին նախարարը ընդգծեց, որ ոչ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները, ոչ դրանց միջոցով կազմված բանակցային գործընթացի օրակարգը չեն արտացոլում Հայաստանի շահերը:

Հաշվի առնելով այս ամենը՝ Մելիքյանը հերթական անգամ ընդգծեց Հայաստանի գրագետ արտաքին-քաղաքական ուղղվածության կառուցման անհրաժեշտությունը:

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-