Իտալիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

24.11.2009, 13:58
Իտալիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Իտալիայի  արտաքին գործերի  նախարար Ֆրանկո Ֆրատինին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով 2010 թ.-ի առաջին կեսին կայցելի Հայաստան:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը հրավիրել է Իտալիայի արտգործնախարարին Հայաստան` Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Երկկողմ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-իտալական համագործակցության հարցերը, ինչի կապակցությամբ Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ Իտալիան շահարգրռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախարար Ֆրատինին ողջունել է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և այդ համատեքստում նշել, որ Իտալիայում մեծ գոհունակությամբ են ընդունել հայ-թուրքական արձանգրությունների ստորագրումը:

Նա հույս է հայտնել, որ այդ արձանագրությունները կվավերացվեն շուտափույթ կերպով, ինչը հնարավորություն կընձեռի բացել ընդհանուր սահմանը: 

Բացի այդ երկու երկրների արտգործնախարարները շեշտել են բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման անհրաժեշտությունը: 

Այդ առումով նախարարները կարևորել են Բարձրաստիճան քաղաքական խորհրդակցությունների մասին  փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ դրա կիրառումը կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը:

Նալբանդյանն ու Ֆրատինին քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման հնարավորությունը` նշելով, որ այն կնպաստի հասարակությունների միջև շփումների ակտիվացմանը: 

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ առևտրատնտեսական համագործակցության ընդյանման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ և տնտեսական կապերի աշխուժացման միտում` 2009 թ. զգալիորեն աճել են իտալական ներդրումները Հայաստանում: 

Բացի այդ իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախօրեին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:-0-