Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհավորել է հայ ուսանողությանը՝ Ուսանողի միջազգային օրվա առթիվ

16.11.2009, 19:42
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհավորել է հայ ուսանողությանը՝ Ուսանողի միջազգային օրվա առթիվ

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է հայ ուսանողությանը՝ Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից, ուղերձում նշվում է, որ հայ ուսանողությունը շոշափելի զարգացում է ապրել անցած տարիների ընթացքում, և չկա որևէ ոլորտ՝ մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդության հետ կամ չհուզեն նրան:

Նախարարը նշեց, որ 90-ականների սկզբին բուհերում սկսված ուսանողական շարժումները հանգեցրին ուսանողական ինքնակառավարման մարմինների ստեղծմանը, որոնք այսօր արդեն գրեթե բոլոր բուհերում հանդես են գալիս որպես ինքնուրույն և կազմակերպված կառույցներ` իրենց մասնակցությունը բերելով բուհերի կառավարման, կազմակերպչական և գիտակրթական գործընթացներին:

«Հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում նախնիների կողմից ստեղծված, սերնդեսերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը, հասարակության զարգացման շարժիչ ուժը` այսօր ձեզ է վերապահված ազատ, հզոր և ժողովրդավարական պետության կառուցման ու կայուն զարգացման ապագան».- ասվում է ուղերձում:

«Երիտասարդական ավյունն ու նորի ձգտումը ձեր մեջ դաստիարակել են ազնիվ ու հաստատակամ քաղաքացու բնավորություն»,- նշել է նախարարը:

Նա մաղթել է ուսանողներին, որպեսզի նրանց կյանքում  ապագա  գործունեությունը  հիմնված  լինի  բարձր  արժեքների,  ազնիվ  նպատակների  և  վեհ  գաղափարների  վրա:

Նա նաև մաղթել է ուսանողներին առողջություն, երջանկություն և կրթական ու գիտական նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ ու համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ պետության:--0--