Սերժ Սարգսյանը Կալինինգրադում հայկական մշակութային կենտրոն կբացի

11.11.2009, 13:12
Սերժ Սարգսյանը Կալինինգրադում հայկական մշակութային կենտրոն կբացի
Սերժ Սարգսյանը Կալինինգրադում հայկական մշակութային կենտրոն կբացի

Չորեքշաբթի Կալինինգրադում հայկական մշակութային կենտրոն կբացվի:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսսի հրավերով կարճատև աշխատանքային այցով գտնվում է Կալինինգրադում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կալինինգրադի մարզի հայկական ազգային-մշակութային ինքնավորության նախագահ Ֆելիքս Գևորգյանին, «Կալինինգրադում հայկական մշակութային կենտրոնի բացումը շատ կարևոր է՝ հայերի ազգային ինքնությունը, նրանց մշակույթը, հոգևոր արժեքները դարերով պահպանելու համար:

Իսկ այսօրվա միջոցառմանը ՀՀ նախագահի մասնակցությունը էլ ավելի է ընդգծում այդ իրադարձության նշանակությունը՝ մեր ժողովուրդների փոխադարձ կապերի, Հայաստանի և Ռուսաստան միջև, ինչպես նաև նրա ամենաարևմտյան շրջանի՝ Կալինինգրադի մարզի միջև համագործակցության ընդլյանման համար:

Գևորգյանի խոսքերով՝ «հայկական մշակութային կենտրոնը կդառնա ինքնատիպ միջազգային տուն, որն իր տանիքի տակ պատրաստ է համախմբել Ռուսաստանի «Սաթե շրջանում» բնակվող բոլոր ազգերի ներկայացուցիչներին»:

Այստեղ ծրագրվում է անցկացնել համատեղ գրական և երաժշտական երեկոներ, մշակույթի, արվեստի, գիտության ներկայացուցիչների հանդիպումներ: Իսկ երկուստեք օգտակար շփման համար վայրը նախատեսված է բոլորի համար:

Հայկական մշակութային կենտրոնի երկհարկանի շենքում, որը կառուցվել է ազգային ճարտարապետության ոճով, կտեղակայվեն համերգային և ցուցահանդեսային սրահներ, գրադարան, կիրակնօրյա դպրոց, «Նաիրին Կալինինգրադում» թերթի խմբագրությունը, Հայաստանի պատվո հյուպատոսությունը:

Գևորգյանի տվյալների համաձայն՝ կենտրոնը «կառուցվել է հայկական համայնքի անդամների՝ բիզնեսի, գիտության, մշակույթի, կրթության, ներկայացուցիչների, Կալինինգրադի մարզում բնակվող բազմաթիվ հայերի միջոցներով, որևէ պետական ներդրման կարիք չեղավ: Կար հավատ, որ Կալինինգրադում կհայտնվի նման կենտրոն, և դա իրականություն դարձավ»:

Վերջին մարդահամարի տվյալների համաձայն՝ Կալինինգրադի մարզում բնակվում է 8,5 հազար հայ: Սակայն հայկական ազգային-մշակութային ինքնավարությունում այսօրվա դրությամբ այլ թիվ են նշում՝ շուրջ 15 հազար մարդ:-0-