ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Հունաստանի Զինված ուժերի հոգևոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսի հետ քննարկեց համագործակցության հարցեր:
«Զրույցի ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև համագործակցությունը հոգևոր ծառայության բնագավառում, ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով»,- հայտնում է ՀՀ pաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Օհանյանը շնորհակալություն հայտնեց գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին և նրա ղեկավարած կառույցին` երկկողմ համագործակցության, Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Հունաստանի ԶՈւ բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներին մասնակցող հայ զինծառայողներին հոգևոր և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ փորձի փոխանակումը զինված ուժերի հոգևոր ծառայության ոլորտում կկրի շարունակական բնույթ:-0-