Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնը չի փակվի. Սփյուռքի նախարարություն

22.10.2009, 17:40
Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնը չի փակվի. Սփյուռքի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնը չի փակվի, հավաստիացնում է Հայաստանի Սփյուռքի նախարարը՝ մեկնաբանելով հայկական «Ազգ» թերթում տեղ գտած հոդվածը։

«Ազգ» օրաթերթի 2009թ. հոկտեմբերի 22-ի համարում Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանն իր մտահոգությունն է հայտնել այդ համալսարանի ամբիոնի  հնարավոր փակման վերաբերյալ: 

«Իրոք, ժամանակին ՀՀ սփյուռքի նախարարությունում  խնդիրը  քննարկվել է պարոն Ժիրայր Քոչարյանի հետ, և հարցը ներկայացվել է Հանրապետության նախագահին: Նրա հանձնարարությամբ 2010թ. պետական բյուջեի նախագծի ՀՀ կրթության և գիտության նախարարության հատվածում նախատեսված է 7 միլիոն 769 հազար դրամ` Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնին հատկացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

«Բյուջեի նախագիծն այժմ գտնվում է ՀՀ Ազգային ժողովում, որը չենք կասկածում, որ կհաստատվի, և համապատասխան գումարը կտրամադրվի համալսարանին»,- նշեցին Սփյուռքի նախարարությունում։

«Ըստ երևույթին մտահոգություն հայտնելու ժամանակ պարոն Քոչարյանը տեղեկացված չի եղել հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և սպասվող արդյունքների վերաբերյալ»,- ասաց նա։ -0-