Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորվել արցախյան հարցի կարգավորմամբ. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորվել արցախյան հարցի կարգավորմամբ:
«Այո, Թուրքիան իր հայտարարություններն ու իրական քայլերը հաշտեցնելու խնդիր կարող է ունենալ: Կրկնել եմ բազմիցս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել արցախյան խնդրի կարգավորմամբ կամ որևէ այլ նախապայմանով: Փոխշաղկապման որևէ փորձ վտանգում է այս երկու գործընթացից յուրաքանչյուրը: Մի առիթով ես ասել եմ թուրքական կողմին՝միակ տարբերակը, որով դուք կարող եք նպաստել արցախյան հիմնահարցի լուծմանը, դա չմիջամտելն է»,- Սարգսյանն ասել է «The Armenian Reporter» հրատարակությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, անարդար կլիներ հաստատել, որ երկու խնդիրները միանգամայն կապ չունեն միմյանց հետ:
«Ի վերջո, թուրքերն ու ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մեկ ժողովուրդ են: Ես կասեի երկու խնդիրների մեջ որոշակի փոխազդեցության մասին՝ մի խնդրի լուծումը, այսինքն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու Հայաստանի շրջափակման վերացումը, անշուշտ, կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մյուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Դա այդպես է, քանի որ կբարձրանա տարածաշրջանում փոխվստահության մակարդակը, որը կապահովի արցախյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ դրական միջավայր»,- ընդգծել է երկրի ղեկավարը:-0-