Ամբողջ աշխարհի եզդիները սատարում են հայ-թուրքական սահմանի բացմանը. Հայաստանի եզդիների ազգային միության ղեկավար

23.09.2009, 17:28
Ամբողջ աշխարհի եզդիները սատարում են հայ-թուրքական սահմանի բացմանը. Հայաստանի եզդիների ազգային միության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամբողջ աշխարհի եզդիները սատարում են հայ-թուրքական սահմանի բացմանը, չորեքշաբթի հայտարարեց  Հայաստանի եզդիների ազգային միության ղեկավար, Եզդիների ազգային պատմության և աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր Ազիզ Թամոյանը:

«1915 թ.-ի Ցեղասպանությունը գործած Թուրքիան պետք է խիղճ ունենա ոչ միայն ճանաչելու Ցեղասպանության փաստը, այլև բացելու սահմաններն ու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առանց որևէ նախապայմանի»,- ասաց նա:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Թամոյանը նշեց, որ Հայաստանը չի համաձայնի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում հանուն հայ-թուրքական սահմանի բացման:

«Դա երբեք չի լինի, քանի որ Ղարաբաղը զուտ հայկական հող է»,- հայտարարեց Հայաստանի եզդիների ազգային միությունը:

Եզդիները արևապաշտություն դավանող քրդերի էթնիկ խումբ են: Աշխարհում հաշվվում է շուրջ 200-300 հազար եզդի: Նրանց հիմնական մասն ապրում է Իրաքի հյուսիսում, Սիրիայում, Իրանում և Թուրքիայում, ինչպես նաև ԱՊՀ երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում շատ քիչ թվով եզդիներ են ապրում: Եզդիները խոսում են քրդերենի կուրմանջի բարբառով:   

Առաջին եզդիները Ռուսական կայսրության կազմում գտնվող Հայաստան են գաղթել դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին, քանի որ սատարում էին Ռուսաստանին: Հայաստանում, որտեղ ապրում է 60 հազար եզդի, լույս է տեսնում եզդիների «Դանգե Էզդյա» («Եզդիների ձայն»)  թերթը և ռադիոհաղորդում է գործում: Հայաստանի մի շարք դպրոցներում դասավանդումն անցկացվում է եզդիերենով: -0-