Ռոբերտ Բրադտկեն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել

08.09.2009, 13:12
Ռոբերտ Բրադտկեն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել
Ռոբերտ Բրադտկեն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ է նշանակվել դեսպան Ռոբերտ Բրադտկեն (Robert Bradtke), ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Բրադտկեն ունի դիվանագիտական ծառայության 36-ամյա փորձ և եվրոպական անվտանգության քաղաքականության վերաբերյալ լայն գիտելիքներ:

Մինչ իր նշանակումը Բրադտկեն երեք տարի ղեկավարել է Զագրեբում (մինչև 2009 թ.-ի հուլիս) ԱՄՆ դեսպանության առաքելությունը: Մինչ այդ դեսպան Բրադտկեն 2001-2004 թթ.-ին եղել է Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական գործերով օգնականի պաշտոնում, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի պատասխանատուի պաշտոնում:

«Մենք տեղեկացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին դեսպան Բրադտկեի նշանակման մասին, ով հուսով է, որ մոտակա շաբաթների ընթացքում առաջին այցով կժամանի տարածաշրջան», - ընդգծվում է տեղեկատվության մեջ:

«Միացյալ Նահանգները գիտակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերման կարևորությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջերս տեղի ունեցած դրական երկխոսությունը», - ասվում է փաստաթղթում:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ շատ է շահագրգռված հաջող ավարտի հասցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերը: «Նախագահ Օբամայի վարչակազմը ձգտում է անել հնարավոր ամեն ինչ՝ այդ նպատակին աջակցելու և այն իրականացնելու համար», - ընդգծվում է տեղեկատվության մեջ:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր Մեթյու Բրայզան:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-