Երևանի քաղաքապետը Գիտելիքների և դպրության օրվա առթիվ շնորհավորել է հայ դպրոցականներին և մանկավարժներին

31.08.2009, 14:51
Երևանի քաղաքապետը Գիտելիքների և դպրության օրվա առթիվ շնորհավորել է հայ դպրոցականներին և մանկավարժներին

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շնորհավորել է հայ դպրոցականներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,

շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը», - ասվում է քաղաքապետի շնորհավորական ուղերձում:

Երևանի քաղաքապետը ջերմորեն  շնորհավորել է դպրոցի և ԲՈՒՀ-ի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով «լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն»: Մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, Բեգլարյանը մաղթել է հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: 

«Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի  որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ եղել է գերակա նպատակ:

Միանում եմ դպրոցի և ուսումնառության  զարգացման բոլոր ջանքերին`ի բարօրություն այսօրվա և վաղվա Երևանը կերտող քաղաքացու», - ասվում է Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում:-0-