Հայ հասարակության մեջ տոները նշելու կուլտուրայի պակաս է զգացվում. ազգագրագետ

14.08.2009, 15:02
Հայ հասարակության մեջ տոները նշելու կուլտուրայի պակաս է զգացվում. ազգագրագետ
Հայ հասարակության մեջ տոները նշելու կուլտուրայի պակաս է զգացվում. ազգագրագետ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հասարակության մեջ տոները կազմակերպելու և նշելու կուլտուրայի լուրջ պակաս է զգացվում, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Հայ ժողովուրդը բազմաթիվ տոներ ունի, մասնավորապես, պետական պաշտոնական օրացույցը 20 տոն է հաշվում՝ չհաշված ժողովրդական ու կրոնական տոները, սակայն բնակչության տարբեր շերտերը բողոքում են, որ հասարակությունում դրանք տոնելու կուլտուրա չկա»,- ուրբաթ Խառատյանն ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:  

Նա նշեց, որ քիչ տոներ են նշվում ըստ պատշաճ կանոնների:

«Եվ այն, որ վերջին մի քանի տարում Հայաստանի ողջ տարածքում վերածնվում ու ձևավորվում է հետաքրքրություն տոների հանդեպ, պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ մեծ քանակությամբ տոնական ամսաթվերի առկայության դեպքում, մեզանում միևնույնն է՝ բացակայում է դրանք տոնելու կուլտուրան»,- ընդգծեց նա:

Այս առնչությամբ, ազգագրագետը գոհունակության նշեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, կառավարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է ոչ միայն «Տոների ու տոնական ամսաթվերի մասին» օրենքի վերանայման աշխատանքներով, այլև քայլեր է ձեռնարկելու տոնի փիլիսոփայության ու դրա նշման կուլտուրայի ձևավորման ուղղությամբ:

Օգոստոսի 16-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։  

Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է. Սուրբ Ծնունդը և Կնունքը, Քրիստոսի Սուրբ Հարությունը, Աստծո Կերպարանափոխումը, Սուրբ Աստվածամոր Վերափոխումը, Տիրոջ Կենսարար Խաչի Կանգնեցումը։  

Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:

Այս տոնի առանձնահատկությունը պայմանավորված է օգոստոսին հասունացող խաղողի օրհնության ծեսով: Այսինքն՝ տոնի օրը, Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել: Օրհնվում են տարվա ողջ բերքն ու բարիքը: Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը` որպես լիառատության ապահովման նշան:-0-