Ղարաբաղում պատերազմը ձեռնտու չէ հակամարտող կողմերից ոչ մեկին. փորձագետ

29.07.2009, 14:29
Ղարաբաղում պատերազմը ձեռնտու չէ հակամարտող կողմերից ոչ մեկին. փորձագետ

Ղարաբաղում պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ հակամարտող կողմերից ոչ մեկին, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

«Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերից ոչ մեկին՝ ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին ձեռնտու չէ կանխամտածված, քաղաքականապես հաշվարկված գնալ հակամարտության ռազմական լուծման», - ասաց Բեքարյանը:

Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների նկատմամբ Հայաստանի և Ղարաբաղի ոչ շահագրգիռ վերաբերմունքի պատճառները պարզ են: Միաժամանակ Ադրբեջանը չի գնա դրան մի շարք պատճառներով, առաջին հերթին այն պատճառով, որ ռազմական գործողությունները կարող են զրոյի հավասարեցնել ստեղծված բոլոր նավթային հաղորդակցություններն ու եկամուտները, որոնք ստանում է պետությունն ու իշխանությունը:

«Իշխանություններից ոչ մեկին, առավել ևս՝ ոչ ժողովրդավարական իշխանություններին, որոնք միանձնյա տիրապետում են այդ ռեսուրսներին, ձեռնտու չէ գնալ նման գործողությունների», - ասաց Բեքարյանը:

Սակայն, ինչպես նշեց փորձագետը, այս ամենը ոչ մի դեպքում չի բացառում տարբեր սադրանքների իրագործման հնարավորությունը, որոնք կարող են իրավիճակը վերահսկողությունից և կանխատեսվող շրջանակներից դուրս բերել:

Միաժամանակ քաղաքագետը չի բացառել որևէ ֆորս-մաժորային հանգամանքի ազդեցության հնարավորությունը, այդ թվում նաև՝ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության համատեքստում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-