Հայ դասախոսը Գինեսի ռեկորդ է սահմանել պտտաձողի վրա պտույտ կատարելու վարժությունում
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, վաստակավոր մարզիկ, սպորտի վարպետ, 25-ամյա Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդ է սահմանել պպտաձողի վրա պտույտ կատարելու վարժությունում։
Ֆահրադյանը ռեկորդը սահմանել է երեքշաբթի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական սպորտդպրոցում։
«Գինեսի գրքի պահանջներից մեկն այն է, որ 350 հետպտույտ կատարվեր պտտաձողի վրա։ Ես կատարեցի 354 պտույտ, որոնց թիվը կաշխատեմ ավելացնել հաջորդ տարի»,- ասաց Ֆահրադյանը։
Ռեկորդակիրը նշեց, որ արձանագրված ռեկորդն իրեն հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել տվյալ սպորտաձևի մակարդակը, այլև համագործակցության տարբեր պայմանագրեր կնքել շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Ինչպես նշեց Հայաստանում Գինեսի ռեկիորդների գրանցման հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, նման նախադեպ դեռևս չի եղել, ինչը լավ խթան կհանդիսանա հայկական սպորտի զարգացման և միջազգային մակարդակի բարձունքների հասնելու համար։
Իր հերթին Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը շնորհավորեց Ֆահրադյանին հաջող ելույթի կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ հայ մարզիկների հաղթանակներն այսուհետ կշարունակվեն։
Իր կողմից ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, հավաստիացնելով, որ Ֆահրադյանին աջակցություն կցուցաբերվի նոր բարձունքներ նվաճելու համար, որպես պարգև նրան երկու ամսվա աշխատավարձին համարժեք գումար հանձնեց։
Վերջին մեծ արդյունքը Ֆահրադյանն արձանագրել է նախորդ տարի՝ կատարելով 307 պտույտ։
2009 թվականի հունիսի 21-ին, երբ ստացվել է Գինսեի գրքի գրասենյակի (Լոնդոն) թույլտվությունը Գինեսի գրքում գրանցման ենթակա վարժություն անցկացնելու համար, Ֆահրադյանը համաձայնել է։ Երեքշաբթի նա ապացուցեց իր կարողությունը։ -0-