Երևանում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կկայանա Ռոբ Նիլսոնի ֆիլմի հետահայաց ցուցադրությունը

14.07.2009, 16:07
Երևանում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կկայանա Ռոբ Նիլսոնի ֆիլմի հետահայաց ցուցադրությունը
Երևանում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կկայանա Ռոբ Նիլսոնի ֆիլմի հետահայաց ցուցադրությունը

Երևանյան «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեքշաբթի կկայանա Ռոբ Նիլսոնի «Հյուսիսափայլ» ֆիլմի հետահայաց ցուցադրությունը:

Արևմտյան անկախ կինոյի ներկայացուցիչ Ռոբ Նիլսոնը փառատոնի պատվավոր հյուրն է: Նրա «Հյուսիսափայլ» ֆիլմը նկարահանվել է 1978 թ.-ին: Կինոնկարը հայ հանդիսատեսին կներկայացվի առաջին անգամ:

Ինքը՝ ռեժիսորն ասաց, որ իրեն հետաքրքիր է ֆիլմի մասին հայերի կարծիքը: Սա Նիլսոնի առաջին այցն է Հայաստան, մինչ այդ նա հեռավոր պատկերացում ուներ Հայաստանի մասին:

«Ես գիտակ չեմ Հայաստանի հարցում»,- ռեժիսորն ասաց լրագրողներին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի երկրպագուն է:

Նա հանդիպել է Փարաջանովի հետ 1984 թ.-ին Մյունխենում, որտեղ տեսնելով դեռևս երիտասարդ Նիլսոնին՝ Փարաջանովը բացականչել է,- «Ո՞վ է այս ամերիկացի կովբոյը»: 

Այժմ, ռեժիսորի խոսքերով, ինքն անհամբերությամբ սպասում է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմի ցուցադրությանը, որի հայկական տարբերակը կցուցադրվի հուլիսի 18-ին՝ փառատոնին փակման ժամանակ՝ ֆիլմի 40-ամյա և ռեժիսորի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ:  

Որպես անկախ կինոյի ներկայացուցիչ՝ Նիլսոնը նշեց, որ տնտեսական ճգնաժամը ոչ միայն չի խանգարում կինոյի զարգացմանը, այլև նպաստում է լավ ֆիլմերի ստեղծմանը:

«Արվեստն իր ցանկացած դրսևորմամբ կատարելագործվում է ճնշման տակ»,- նշեց նա:   
 
Փառատոնի շրջանակներում Նիլսոնը վարպետության դաս անցկացրեց և հույս հայտնեց, որ իր ֆիլմերը Հայաստանում կգտնեն իրենց հանդիսատեսին: «Իմ ֆիլմերը մարդկանց մասին են ու նրանց համար»,- նշեց նա:

«Ոսկե ծիրան» փառատոնը կտևի 8 օր (հուլիսի 12-19-ը): Փառատոնի 2009 թ.-ի մրցութային ծրագիրը ներկայացված է երեք հիմնական անվանակարգերում. միջազգային խաղարկային, վավերագրական ֆիլմեր և «Համահայկական  համայնապատկեր»: -0-