Հայաստանում քրեական գործ է հարուցվել բժշկական սխալի հետևանքով պտղի մահվան կապակցությամբ
Հայաստանում քրեական գործ է հարուցվել է բժշկական սխալի հետևանքով պտղի մահվան կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոնի» մանկաբարձուհի Ս. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
«Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակչուհի Ա. Ղազարյանի դիմումի հիման վրա Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ոստիկանության քննչական բաժնում ստուգվել են դիմումում մատնանշված հանգամանքները», - նշեցին մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ նախաքննության և մի շարք փորձաքննությունների արդյունքում բժշկական սխալը հիմնավորվել է: Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, քննչական մարմիններին հաջողվել է պարզել, որ Վարդանյանը, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, դրանք ոչ պատշաճ կատարելով, գործիքային միջամտությամբ պատռել է ծննդաբերի պտղապարկը, որի արդյունքում տեղի է ունեցել պորտալարի արտանկում, ինչի հետևանքով առաջացած ներարգանդային ասֆիքսիայի հետևանքով պտուղը մահացել է:
Գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
«Հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագիր է ներկայացվել Շիրակի մարզպետին», - նշեցին գլխավոր դատախազությունից:-0-