Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետությունը կախված կլինի Բաքվի կառուցողական դիրքորոշումից. ՀՀ ԱԳ փոխնախարար

07.07.2009, 10:23
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետությունը կախված կլինի Բաքվի կառուցողական դիրքորոշումից. ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետությունը կախված կլինի Բաքվի կառուցողական դիրքորոշումից. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունավետությունը կախված կլինի Բաքվի կառուցողական դիրքորոշումից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հուլիսի կեսերին:

«Տեսնենք՝ ադրբեջանական կողմն այս հանդիպման ժամանակ կդրսևորի՞ կառուցողականություն, առանց որի առաջընթացն անհնար է», - ասաց Քոչարյանը:

«Բաքուն իսկապես կառուցողական կդառնա այն պահից, երբ կդադարի ղարաբաղյան հակամարտության հետևանքների համար իր սեփական պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, այն պահից, երբ կդադարի նայել աշխարհին նավթամուղի անցքի միջով, այն պահից, երբ կհամարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիիրավ անդամ», - ասաց Քոչարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-