«Արևելյան գործընկերություն» ծրագիրը կարող է Կովկասի համար դեպի Եվրոպա պատուհան դառնալ. փորձագետ

26.06.2009, 14:45
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը կարող է Կովկասի համար դեպի Եվրոպա պատուհան դառնալ. փորձագետ
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը կարող է Կովկասի համար դեպի Եվրոպա պատուհան դառնալ. փորձագետ

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը կարող է Հարավային Կովկասի համար դեպի Եվրոպա պատուհան դառնալ, կարծում է Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի հիմնադրամի տնօրեն Իրիս Քեմփեն (Iris Kempe)։

Մայիսի սկզբին Եվրամիությունում նախագահող Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հիմնադիր գագաթնաժողովը, որն ուղղված էր Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ ԵՄ մերձեցմանը։

Ծրագրով նախատեսվում է այդ երկրներին տրամադրել 600 միլիոն եվրո մինչև 2013 թ.-ը։ Այդ միջոցները նախատեսված են պետական ինստիտուտների ամրապնդմանը, սահմանների վերահսկմանն ու փոքր ընկերություններին օգնություն ցուցաբերելուն։

«Անհրաժեշտ է օգտվել այս հնարավորությունից։ Կովկասի երկրները պետք է կարողանան մտածել այնպիսի հարցերի մասին, ինչպիսին է ԵՄ-ին անդամակցելը, ընդ որում նախաձեռնությունը պետք է ելնի տարածաշրջանից», - ասաց Քեմփեն ուրբաթ Երևանում՝ բացելով «Արևելյան գործընկերություն և Հարավային Կովկասում ժողովրդավարության կառուցման հեռանկարները» միջազգային կոնֆերանսը։

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտեն (Tomasz Knothe) իր հերթին նշեց, որ այս ծրագրի քննարկումը հնարավորություն է տալիս մասնակից-երկրներին կատարել սեփական ներդրումը, ներկայացնել գաղափարներն ու մտածելակերպը։

Նշելով, որ «Արևելյան գործընկերության» նպատակներն ավելի հավակնոտ են, քան դրան նախորդող «Նոր եվրոպական հարևանության» քաղաքականության նպատակները՝ դեսպանը նշեց, որ ԵՄ-ն նման կերպով ցույց է տալիս երկրները մոտեցնելու ցանկությունը։

«Գործընկերությունը կունենա ոչ միայն խորհրդանշական նշանակություն, այլև իրական կողմեր», - ասաց նա։

Միաժամանակ Կնոտեն կարևորեց ծրագրի մասնակից-երկրների քաղաքացիական հասարակությունների կողմից ինտեգրացիոն գործընթացների աջակցությունը։

«Ողջ հասարակության աջակցությունն անհրաժեշտ է, և դրա համար հասարակությունն ինքը պետք է համոզված լինի հնարավոր շահերի մեջ, այդ թվում նաև՝ ճամփորդությունների համար պայմանների բարելավման և տնտեսության գործունեության մեջ», - ասաց դեսպանը։

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդունվել է Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ և հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008 թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխգործակցության մակարդակի բարձրացում, ԵՄ տնտեսության մեջ նախկին խորհրդային հանրապետությունների լայն ինտեգրում, այդ հանրապետություններին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ամրապնդում։

Երևանում հունիսի 26-ին անցկացվող «Արևելյան գործընկերություն և ժողովրդավարություն կառուցելու հեռանկարները Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովը  կազմակերպել են Կովկասի ինստիտուտը և Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամը։

Համաժողովին կմասնակցեն հայտնի փորձագետներ, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Սլովակիայի արտաքին քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուլեբը:--0--