Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարությանը հայ հայրենակիցների խնդիրների նկատմամբ ուշադրություն ցուցաբերելու համար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարությանը հայ հայրենակիցների խնդիրների նկատմամբ ուշադրություն ցուցաբերելու համար։
«Վրաց հասարակության անբաժանելի մասն է վրացահայ համայնքը, որը բարեկամության յուրօրինակ կամուրջ է երկու երկրների միջև: Ցանկանում եմ Վրաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնել` մեր հայրենակիցների խնդիրների և սպասումների նկատմամաբ մշտական ուշադրության համար: Վստահ եմ, որ առաջիկայում ևս Վրաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում կլինեն ինչպես հայաբնակ տարածաշրջանների, այնպես էլ ընդհանրապես Վրաստանի ողջ հայ բնակչության սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային հարցերը»,- հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից հինգշաբթի մեջբերեցին Սարգսյանի խոսքերը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվին տված ընդունելության ժամանակ ունեցած ելույթից:
ՀՀ նախագահն ընդգծեց, որ հայկական սփյուռքում գիտեն իր վերաբերմունքը`«լավ հայ լինելու համար Սփյուռքի հայը ուղղակի պարտավոր է լինել ազնիվ, հարգված, պահանջված քաղաքացին այն երկրի, որտեղ նա ապրում է»:
«Արվեստի, բիզնեսի, գիտության և կրթության աշխարհում` ամենուր նրանք իրենց արժանի ներդրումն են ունեցել`ի շահ Վրաստանի բարգավաճման: Սայաթ Նովա, Փարաջանով, Մանթաշով, Արամյանց` Վրաստանի ականավոր հայերի այս ցանկը կարելի է անվերջ թվարկել: Պարոն նախագահ, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի փոխադարձ սիրո այս մարդկային կամուրջը շարունակի լինել ժողովուրդների միջև բարեկամության մարմնավորում և օրինակ»,- ընդգծեց Սարգսյանը:
Հայ առաջնորդը նշեց նաև ուսանողական փոխանակումերի խրախուսման, երիտասարդ մասնագետների, գիտնակաների, մշակութային գործիչների համագործակցության ծրագրերի զարգացման անհրաժեշտությունը։
«Այսօր մեզ հետ այս դահլիճում է Հայաստանի ամենահայտնի վրացուհին` Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ, ականավոր հասարակական գործիչ Թինա Լևանի Ասաթիանին: Նա իր ողջ կենսակերպով ապացուցել է, թե ինչքան շատ բաների մենք կարող ենք հասնել միասին»,- ասաց Սարգսյանը:-0-