ԱՄՆ պետդեպարտամենտը դրական է գնահատել թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված Հայաստանի քայլերը

18.06.2009, 19:10
ԱՄՆ պետդեպարտամենտը դրական է գնահատել թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված Հայաստանի քայլերը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 2008-2009 թթ.-ին զգալի քայլեր է ձեռնարկել թրաֆիկինգի դեմ պայքարի ակտիվացման, կանխարգելիչ  միջոցառումների արդյունավետության բարձրացման և թրաֆիկինգի զոհերի օգնության կազմակերպման ուղղությամբ, ասվում է Թրաֆիկինգի դեմ պայքարի գծով ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա հաշվետվության մեջ՝ հրապարակված 2009 թ.-ի հունիսի 16-ին: 

«Պետքարտուղարությունը դրական է գնահատում 2006թ-ին գրանցված թրաֆիկինգին առնչվող պաշտոնական կոռուպցիայի հիմնավորված գործով  հետաքննության վերսկսումը 2008 թ-ին, ինչպես նաև թրաֆիկինգի զոհերի պաշտպանության ու թրաֆիկինգի վտանգների մասին հասարակության իրազեկության բարձրացման նպատակով պետության կողմից ֆինանսական միջոցների տրամադրումը»,- հինգշաբթի ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից մեջբերել են Պետքարտուղարության հաշվետությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հիմնվելով արձանագրած առաջընթացի վրա` Հայաստանը ԱՄՆ պետքարտուղարության չորս խմբանոց սանդղակի 2-րդ խմբի հատուկ վերահսկման ցուցակից (որում գտնվում էր 2005-2008թթ) տեղափոխվել է երկրորդ խումբ:

Միևնույն ժամանակ Պետքարտուղարությունը հայտնում է, որ Հայաստանը հետևողական է ընդունված միջազգային պարտավորթությունների կատարման արդյունավետության բարձրացման գործում՝ հատուկ նշանակություն տալով իր քաղաքացիների ու թրաֆիկինգի զոհերի իրավունքների պաշտպանությանը:

Իր հերթին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը լիովին չի բավարարում թրաֆիկինգի վերացման նվազագույն չափանիշներին, թեև երկիրը լուրջ քայլեր է կատարում այդ ուղղությամբ: 

«Պետքարտուղարությունը նաև առանձնացնում է 2008 թ-ին ընդունված  թրաֆիկինգի զոհերի ուղղորդման ազգային ծրագիրը, բայց խորհուրդ է տալիս ՀՀ կառավարությանը հետևել միջազգային ոլորտում կիրառվող լավագույն փորձին և չափորոշիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը գոհունակությունն է հայտնում այս ոլորտում Հայաստանի իշխանությունների կառուցողական քայլերից և ակնկալում է շարունակել համագործակցությունն այս կարևոր ոլորտում:

ԱՄՆ պետքարտուղարությունը, որը 2008 թ-ի ապրիլ ամսից մինչև 2009 թ-ի մարտը փաստագրել է 175 երկրների ջանքերն՝ ուղղված մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարին, նշում է, որ Հայաստանն արձանագրել է առաջընթաց թրաֆիկինգի դեմ պայքարում: Մարդկանց թրաֆրկինգի մասին զեկույցը պատրաստվում է ԱՄՆ կոնգրեսի հանձնարարությամբ` Թրաֆիկինգի զոհերի պաշտպանության 2000 թ-ի օրենքի հիման վրա:

Զեկույցի նպատակն է բարձրացնել մարդկանց թրաֆիկինգի մասին իրազեկությունը, ընդգծել ջանքերն ուղղված այդ չարիքի դեմ պայքարին` խրախուսելով այլ պետությունների կառավարություններին պայքարել այս ժամանակակից ստրկության բոլոր դրսևորումների դեմ:-0-