Հայաստանում տեղի է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Կարեն Ավետիսյանի երդման արարողությունը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, երդման արարողությունը տեղի է ունեցել Արդարադատության խորհրդի նիստում՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։
Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Ավետիսյանը երդվել է դատավորի պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները` ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը։
Շնորհավորելով նորանշանակ դատավորին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա երդումն ու գործն անպայման կհամապատասխանեն միմյանց:-0-