ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի hրատարակչական բաժինը վերահրատարակել է 1908 թ. Էջմիածնում տպագրված 20-րդ դարի նշանավոր հայագետ Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցու յարաբերութիւնները Ասորւոց Եկեղեցիների հետ» արժեքավոր աշխատությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
«Երվանդ Տեր-Մինասյանի աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ-ասորական եկեղեցական հարաբերություններին, Ընդհանրական Եկեղեցու պատմությանը, Արևելքում և Հայոց մեջ տարածված քրիստոնեական աղանդների ծագմանը, Ե-Է դարերում Հայ Եկեղեցու դավանաբանական դիրքորոշմանը, զանազան եկեղեցական մատենագիրների, հայ, հույն և ասորի աստվածաբանների դավանաբանական գործերի քննությանը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գիրքը հրատարակության են պատրաստել Տ. Գևորգ աբեղա Սարոյանը, Հովհաննես սարկավագ Ազնավուրյանը և Հասմիկ Մելքոնյանը:
Ուսումնասիրությունը լույս է տեսել տեր և տիկին Արմեն և Նունե Սարգսյանների մեկենասությամբ:-0-