ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռումինիայի գրողների միության նախագահներ Լևոն Անանյանն ու Նիկոլաե Մոնոլեսկուն (Nicolae Manolescu) Բուխարեստում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանի և Ռումինիայի գրողների միությունների միջև համագործակցությունը սկիզբ է առել մոտ երկու տարի առաջ Ռումինիայի հայոց միության ու Բուխարեստում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։
Համագործակցության շրջանակներում մայիսի 19-ին Ռումինիայի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել հայ արդի արձակի անթոլոգիայի շնորհանդեսը, որտեղ ներառված են ժամանակակից 12 հայ հեղինակների ստեղծագործություններ:
Համագործակցության նույն շրջանակում Հայաստանում կհրատարակվի ռումին գրողների անթոլոգիա:-0-